Կենսագրական մահախոսական
Սողոմոն Կոզանյան
Երբ մեծերը հեռանում են,
Պակասում է օրհնությունը
Տան մեջ լույսը նվաղում է,
Թեքվում է տան ամուր սյունը։
Իմ տան մեծը երկինք գնաց․
Իմ մեծություն, իմ մաքրություն,
Իմ զուսպ, բարի հավերժություն։
Անմեղ ու մաքուր ենք ծնվում այս աշխարհում և, մեր ճակատագրի ձեռքը բռնած, քայլում ենք՝ չիմանալով, թե կյանքի որ խաչմերուկում ենք հանդիպելու նրան ու հրաժեշտ տալու երկրային կյանքին։ Այսօր հրաժեշտի, սգի ու տխրության, առ Աստված աղոթքի օր է։
Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, այսօր այս պատերի ներքո մեծ սուգ է։ Հավաքվել ենք հիշելու և հարգանքի տուրք մատուցելու Սողոմոն Կոզանյանին՝ մի նշանավոր մարդու, որն իր սիրով ու բարությամբ լուսավորել է ապրած տարիները։
Սողոմոնի կյանքի ճանապարհը սկսվեց 1951 թվականի մարտի 31-ին՝ Հակոբ և Փիրուզ Կոզանյանների ընտանիքում։ Նրանից հետո լույս աշխարհ եկավ քույրը՝ Լիդան։ Սիրասուն ծնողները զավակներին շրջապատեցին ջերմությամբ ու սիրով։ Սողոմոնն իր անհոգ մանկության վաղ տարիներն անցկացրեց Լենինականում, իսկ երբ վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Հենց այնտեղ էլ շարունակվեց նրա կյանքի պատմությունը։
Սողոմոնը փայլուն աշակերտ էր Զեյթունի թիվ 48 միջնակարգ դպրոցում և ուսման առաջին իսկ օրերից հիմք էր դնում իր ապագայի համար։ Դպրոցն ավարտելուց հետո նա կյանքի մի շրջան նվիրեց զինվորական ծառայությանը՝ դրսևորելով նվիրվածություն իր երկրին։ Վերադառնալով՝ ուսումը շարունակեց Պոլիտեխնիկական համալսարանում։
Նրան հետաքրքրում էր ամեն ինչ՝ գաղափարներից մինչև գործնական աշխատանք։ Դեռ երիտասարդ տարիքից Սողոմոնը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում գործարարության հանդեպ, որը հետագայում ձևավորեց նրա ապագան։ Սուր հումորի զգացումով, ընկերասեր բնավորությամբ ու հյուրընկալ սրտով նա արագ դարձավ բոլորի սիրելին։ Նրա բարի համբավն ու ապրած կյանքը պատկանում էին ոչ միայն իրեն, այլև ընտանիքին, շրջապատին և նրան ճանաչող բոլոր ընկերներին։ Նրա նախասիրությունները շատ էին՝ սպորտ, երաժշտություն, արհեստ և արվեստ, ու դրանցից յուրաքանչյուրին նա հմտորեն էր մոտենում։ Սիրում էր ակորդեոն նվագել և ուրախացնել մարդկանց։ Նա նաև որսի ու ձկնորսության մեծ սիրահար էր և բնության գրկում վայելում էր անդորրն ու գեղեցկությունը։
1986 թվականին Սողոմոնի կյանքը նոր ուղղություն ստացավ, երբ նա ընտանիքի հետ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ՝ նոր հնարավորությունների ու նոր սկզբի որոնումով։ Նա Գլենդելի առաջին հայ գործարարներից էր և հիմնեց բոլորիս հայտնի «Kozanian Super Meat & Liquor» խանութը, որը գործում է մինչ օրս։
Կյանքի վերելքների ու վայրէջքների ընթացքում Սողոմոնն ապրեց այն դառը և քաղցր պահերը, որոնք ձևավորեցին նրան։ Առաջին ամուսնությունից 1990 թվականին ծնվեց նրա որդին՝ Հակոբը, որին նա հպարտությամբ անվանակոչեց սիրելի հոր անունով։ Կարճ ժամանակում, սակայն, Սողոմոնը կորցրեց երկու ծնողներին․ դա ծանր փորձություն էր նրա տոկունության ու ուժի համար։ 2008 թվականին նա գտավ նվիրված սեր ու կյանքի ընկեր՝ ամուսնանալով Ռոզա Մութաֆյանի հետ։ Ռոզան առանձնահատուկ սիրով ու հոգատարությամբ խնամեց սիրելի ամուսնուն մինչև նրա կյանքի վերջին վայրկյանը՝ քնքշորեն նրան «Ջանուլ» անվանելով։
Սողոմոնն իր սերն ու հոգատարությունը տվեց նաև Ռոզայի նախորդ ամուսնությունից ծնված երեխաներին՝ նրանց ընդունելով որպես հարազատ զավակներ։ Հատկապես ամուր էր նրա կապը Գայանեի հետ՝ ոչ միայն որպես հոր և դստեր, այլև որպես գործարար գործընկերների։ Նա ուսուցանեց Գայանեին և նրան վստահեց բիզնեսի ամբողջական կառավարումը։
Մեր կյանք մուտք գործող յուրաքանչյուր մարդ կամ իրադարձություն կարող է փոխել մեր ճակատագիրն ու նոր, կարևոր որոշումների առիթ դառնալ։ Սողոմոնի կյանքի բացառիկ ու թերևս ամենակարևոր որոշումներից մեկն այն էր, որ, զգալով Աստծու հավիտենական սերն իր հանդեպ, նա ապաշխարեց և կյանքը հանձնեց Տեր Հիսուս Քրիստոսին՝ ձեռք բերելով հոգևոր նոր արժեքներ։ Դառնալով «Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցու» անդամ՝ Սողոմոնն ու Ռոզան երկար տարիներ իրենց անձնական ու նյութական աջակցությունն էին բերում բոլոր միջոցառումներին։ Աստծու և եկեղեցու հանդեպ մեծ սիրով լցված՝ նրանք հաճախ իրենց օջախ էին հրավիրում հավատացյալներին, միասին ջերմ ժամանակ անցկացնում, փառաբանում Աստծուն ու սիրով հյուրասիրում։
Սողոմոնի արկածասեր հոգին նրան մղում էր բացահայտելու աշխարհը և Ռոզայի հետ բազմաթիվ ճանապարհորդությունների մեկնելու։ Նրանք ճամփորդում էին շարժական տնակով, շրջագայում մեքենայով ու նավարկում․ Սողոմոնը շատ հմուտ նավավար էր։
Սողոմոնի ժառանգությունը չի սահմանափակվում նրա ջանասեր աշխատանքով ու ձեռքբերումներով։ Նա հայտնի էր անսասան սկզբունքներով, ուժեղ, բայց արդար էությամբ և, ինչպես ասում են նրան ճանաչողները, խոսքը միայն մեկ անգամ ասելու սովորությամբ։ Թեև խիստ էր, սակայն հարգանք ու հիացմունք էր ներշնչում։ Նրա բացակայությունը հավերժական կարոտ կթողնի բոլոր նրանց սրտերում, ովքեր բախտ են ունեցել կյանքի ճանապարհ անցնելու նրա հետ։
Սողոմոնը երկարատև հիվանդության դեմ պայքարեց անսասան քաջությամբ ու վճռականությամբ։ Ցավոք, 2023 թվականի հունիսի 2-ին՝ առավոտյան ժամը մեկին, նա փակեց աչքերը՝ անցնելով հավերժական քնի, և խաղաղ հեռացավ այս աշխարհից՝ դատարկություն թողնելով իրեն սիրողների սրտերում։ Այսօր, երբ հավաքվել ենք նրան հրաժեշտ տալու, հիշենք մեր կյանքի վրա նրա թողած խոր ազդեցությունն ու մեզ պարգևած նվիրական հուշերը։
Ինչպես գրված է Աստվածաշնչում՝ Ա Հովհաննես 5։11–12-ում. «Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։ Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. եւ ով որ Աստուծոյ Որդուն չունի, կեանքը չունի»։ Սիրելի՛ Սողոմոն, գիտենք, որ այժմ միացել ես քո սիրելի Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, որին սիրում էիր ամեն ինչից առավել, և այլևս ոչինչ չի կարող քեզ բաժանել Նրանից։ «Պատվական է Տիրոջ առջև իր սրբերի մահը»։ Ննջի՛ր խաղաղությամբ։
Սողոմո՛ն Կոզանյան, Ջանո՛ւլ, Սողո՛, մենք քեզ անչափ սիրում ու կարոտում ենք։ Թող հոգիդ հավերժական խաղաղություն գտնի, իսկ մեր նվիրական հուշերը մեզ առաջնորդեն առանց քեզ շարունակվող կյանքի ճանապարհին։ Քո ժառանգությունը հավերժ կոգեշնչի մեզ՝ օգտվելու յուրաքանչյուր հնարավորությունից, սիրելու անվերապահորեն և մնայուն հետք թողնելու մեզ շրջապատող աշխարհում։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Սողոմոն Կոզանյան։

